2011 թ. հունիսին Երևանում ստորագրվել է «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է 2011-2014 թթ. իրականացնել հայ մասնագետների վերապատրաստում և միջազգային, տեղական սեմինարների օգնությամբ հնարավորություն ստեղծել մասնագիտական գիտելիքների և հմտությունների փոխանցման համար: Այս տարիների ընթացքում տեղի է ունեցել «Տեքստիլի վերականգնմանը և պահպանմանը» նվիրված 5, ինչպես նաև «Հնագիտական մետաղի վերականգնմանը և պահպանմանը» նվիրված 3 միջազգային և 5 տեղական սեմինար:
2014 թ. մայիսի 20-27-ը տեղի կունենա «Հնագիտական մետաղի վերականգնմանը և պահպանմանը» նվիրված տեղական 6-րդ եզրափակիչ սեմինարը, որին կմասնակցեն 4 ճապոնացի մասնագետ, 10 հայ, ինչպես նաև 2 ներկայացուցիչ Վրաստանից և Ռուսաստանից:
Ս. թ. մայիսի 27-ին, ժամը 11:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա վերոնշյալ սեմինարների ընթացքում վերականգնված բրոնզե առարկաների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև ստորագրվել է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման մասին համագործակցության նոր համաձայնագիր:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի գլխավոր տնօրեն Նոբուո Կամեին:
Համաձայնագիրը կգործի մինչև 2020 թվականը և վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը նպատակաուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը, հայ փորձագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը: