Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Հայտնում են նախագահականից։

Հիշեցնենք՝ նիստին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրում։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։ Համաձայն որի՝ «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները մայիսի 29-ին նախատեսում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից»։ Հաղորդվում էր նաև, որ Աստանայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ կապված պրակտիկ հարցերի քննարկում: Կողմերը կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրման անդամների կազմի հետագա ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին։