«Առավոտ» թերթը հիշեցնում է, որ մայիսի 19-ի համարում տպագրված «Մոռացված լինելու իրավունք» հոդվածում անդրադարձ էր կատարվել 2014թ. մայիսի 13-ին Եվրամիության երկրների դատական բարձրագույն ատյանի որոշմանը, որով սահմանվում է «մոռացված լինելու իրավունքը»: Պարբերականը հիշեցնում է, որ այդ որոշման՝ մասնավոր, ոչ հանրային անձանց Եվրոպայում տրվում է որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու իրավունք՝ իրենց վերաբերյալ անձնական տվյալները այդ համակարգերից հեռացնելու խնդրանքով, որը բավարարվում է, եթե, իհարկե, չկան մերժելու օբյեկտիվ պատճառներ: «Օբյեկտիվ պատճառների» մեջ նշվում է դիմող անձի՝ հանրային դեմք լինելը կամ այդ տվյալների՝ հանրային կարևորություն ներկայացնելը:
Այս առնչությամբ թերթը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, ով «միանգամայն ընդունելի» է համարել սկզբունքը, որով առաջնորդվել է Եվրոդատարանը. ««Եթե մարդը հանրային դեմք չի, ապա իր մասնավոր կյանքի հետ կապված ցանկացած տվյալ նա կարող է համարել իր անձնական ինֆորմացիան, որը ինքը կորոշի՝ թողնե՞լ հանրային դաշտում, թե՞ ոչ: Խնդիրը մեխանիզմների մեջ է: Որքանո՞վ «մոռացվելու իրավունքից» չեն օգտվի մարդիկ, ովքեր բավականին «ոչ անհայտ» են: Սահմանը որոշելը ամենաբարդ խնդիրն է, և եթե չգտնվի ճիշտ լուծում, ապա, ավելի լավ է ընդհանրապես չկիրառվի: Եվրամիության այդ կարգի նախաձեռնությունները վերջին շրջանում բավականին շատ են, քանի որ իրենք ելնում են մարդու իրավունքների սկզբունքից, բայց, վատ պատկերացնելով տեխնոլոգիական լուծումները, ընդունում են որոշումներ, որոնք հետո տեղեկատվական ոլորտի մարդկանց մոտ դժգոհություններ են առաջացնում: Նույնը կլինի նաև այս որոշման հետ: Երբ տեղեկատվության ազատության սկզբունքին հակասող որոշումներ են ընդունվում, ժողովրդավարական հասարակություններում առ այսօր միշտ ստացվել է դրանց դիմակայելը»»,- պարոն Նավասարդյանի խոսքրն է մեջբերում պարբերականը: