Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աստանայում տեղի ունեցածին, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեջբերել էր Ադրբեջանի նախագահի նամակից հատված, ըստ որի` Հայաստանը ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամակցել է վերապահումով դրույթները պիտի տարածվեն Հայաստանի տարածքի վրա՝ նրա միջազգային սահմաննեի շրջանակում, ճանաչված ՄԱԿ-ի կողմից, ինչպես ԱՀԿ դեպքում: Պարոն Պապյանն այս առնչությամբ մասնավորապես գրել է.
Ղազախստանի նախագահը թույլ է տվել, մեղմ ասած, երկու էական անճշտություն, որոնք ամբողջովին հիմնազուրկ են դարձնում նրա ասածը:
Առաջինը «ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների» մասին է:
Նման պնդում անելու համար առնվազն անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածը, որով նախատեսված է նման դրույթ: Դա չի արվում, որովհետև նման բան բնավ չկա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Երբ անհատը կամ պետությունն անդամակցում են որևէ կազմակերպության, նրանք ստանձնում են միայն տվյալ կազմակերպության հիմնադիր փաստաթղթ/եր/ում ամրագրված պարտավորություններն ու իրավունքները: Հարցի համառոտ քննությունը ցույց է տալիս, որ անդամակցությունը ՄԱԿ-ին չունի ընդհանրապես ճանաչման, ուր մնաց՝ սահմանների ճանաչման որևէ գործառույթ և իրավական հետևանք:
Ի դեպ. ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ ընդհանրապես հիշատակավծ չէ «սահման» բառը: Իսկ եթե չկա «սահման» բառը, ի՞նչ խոսք կարող է լինել պետության սահմանների ճանաչման, ընդունման, հաստատման կամ ամրագրման մասին:
Երկրորդ անճշտությունն այն է, որ իբր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելիս եղել է վերապահություն, ըստ որի ԱՀԿ դրույթները «տարածվում են Հայաստանի տարածքի վրա՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում»:
Վերը տեսանք, որ ՄԱԿ-ը չունի սահմաններ ճանաչելու իրավասություն և գործառույթ, մինչևիսկ «սահման» բառը հիշատակված չէ նրա կանոնակարգի մեջ: Հիմա ԱՀԿ
Հայաստանի անդամակցության մասին:
Հայաստանի Հանարպետությունը անդամակցել է ԱՀԿ-ին 2003թ. փետրվարի 3-ին: Նախ՝ 26.11.2002թ., ներկայացվել է Աշխատանքային խմբի զեկույցը (REPORT OF THE WORKING PARTY ON THE ACCESSION OF THE REPUBLIC OF ARMENIA , WT/ACC/ARM/23), ապա հավելվածները, իսկ 2002թ. դեկտեմբերի 10-ին համապատասխան արձանագրությամբ (PROTOCOL ON THE ASSESSION OF THE REPUBLIC OF ARMENIA) ԱՀԿ Ընդհանուր խորհուրդը (General Council) տվել է իր համաձայնությունը (WT/L/506) ՀՀ անդամակցության: Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ԱՀԿ-ին, ինչպես նշել էինք վերը, 2003թ. փետրվարի 3-ին:
Այսպիսով, ԱՀԿ ՀՀ անդամակացության հիմնարար փաստաթուղթը անդամակցության արձանագրությունն է: Եվ դարձյալ, ի հակադրություն պրն. Նազարբաևի ասածի, այստեղ որևէ վկայություն չկա սահմանների ճանաչման մասին: Ավելին, արձանագրության մեջ ոչ մի անգամ չի հիշատակված «սահման» բառը: Նախապատրաստական և առդիր փաստաթղթերում մի տասնյակի չափ հիշատակվում է «սահման» բառը՝ «մաքսային սահման», «սահմանամերձ տարածք», «սահմանային միջոցառումներ» բառակապակցությունների մեջ: Սակայն ոչ անգամ այն մոտ չի գալիս «սահմանների ճանաչմանը»:
Ամփոփում. ոչ ՄԱԿ-ի կանոնակաչգի մեջ և ոչ էլ ԱՀԿ ՀՀ անդամակցության արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա «սահմանների ճանչման» մասին: Ալիևը իր նամակով լիակատար մոլորության մեջ է գցել Նազարբաևին: