ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ այս մասին խոսել է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ռոբերտ Նազարյանը նկատել է, թե հասկանում է, որ այս թանկացումը բնակիչների համար լրացուցիչ ծախսեր ու նոր թանկացումներ կբերի և որպես քաղաքացի իր համար ամենաանընդունելի որոշումներից մեկն է, բայց արդեն հաշվել և գնահատել է, որ այս 4 դրամը տարեկան կտրվածքով ընտանիքների վրա մոտավորապես 8.000-ից 9.000 դրամով է բեռ առաջացնելու, գրում է Tert.am-ը։