Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այն, որ թուրքին վստահել չի կարելի, հայից լավ դժվար թե որևէ մեկը գիտենա: Վերջին 3-4 տարիների ընթացքում դրանում համոզվեցին նաև արաբները, և հատկապես՝ «արաբական գարնան» հորձանուտով անցած արաբական երկրները. երբեմնի բարեկամ Թուրքիան սեփական խաղը նախաձեռնեց Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, նաև՝ Սիրիայում:
Եվ ահա, հուլիսի 14-ին սիրիական բանակային և լիբանանյան «Հիզբալլահի» ստորաբաժանումների, ինչպես նաև ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (այդ թվում՝ նաև հայ կամավորների մասնակցությամբ) համատեղ ջանքերով Քեսաբի և շրջակա գյուղերի վրա վերահսկողությունը վերականգնելուն ուղղված ռազմական գործողության ընթացքում, ըստ սիրիական զինված ուժերին մոտ կանգնած աղբյուրի, թուրք սահմանապահները փակել են սահմանը և չեն թույլատրել «Նուսրայի ճակատ» ու «Իսլամական ճակատ» խմբավորումների զինյալներին՝ նահանջել երկրի տարածք այն նույն ճանապարհով, որով նրանք դեռ մարտի վերջին ներխուժել էին հայկական բնակավայր. Թուրքիայի սահմանը բացվում է հիմնականում վիրավորների համար, մինչդեռ զինյալների մեծ մասը Լաթակիայի լեռնային Ռաբիա շրջանով անցնում են հարևան Իդլիբի նահանգ:
Փաստորեն, վերոնշյալից ի՞նչ է ստացվում՝ հիմա էլ Թուրքիան դավաճանում է իր հովանավորյալների՞ն՝ տվյալ դեպքում՝ իսլամականներին:
Իսկ ո՞րն է դրդապատճառը նման գործելաոճի, հարցին կարելի է առնվազն երկու ենթադրություն անել:
Նախ՝ թուրքական իշխանությունները նման կերպով փորձում են հերքել այն մեղադրանքները, թե իրենց թողտվությամբ, անգամ աջակցությամբ են իսլամականները ներխուժել Քեսաբ՝ բնականաբար, զգուշանալով «#SAVE KESSAB»-ի օրինակով համահայկական նոր արշավից և միջազգային տեղեկատվական թիրախի վերախվելու հավանականությունից:
Երկրորդ՝ թուրքական իշխանություններն, ականատես լինելով Լիբանանում և հատկապես Իրաքում սիրիական ճգնաժամի ունեցած վերջին աղետալի ազդեցություններին և նաև Անկարայի հասցեին ուղղված համանման սպառնալիքներին, փորձում են փոխել նախկին քաղաքականությունը, այսինքն՝ հրաժարվել սիրիական հակակառավարական զինյալներին աջակցելու նախկին քաղաքականությունից:
Ըստ իս՝ առավել հավանական է առաջին տարբերակը: