«168 ժամ»-ում կարդում ենք.
«Երեկ, օրինակ, ազատ է արձակվել անցած շաբաթ Երևանում կրակոցներ արձակած Սամվել Քոթանջյանը: Նա ազատ է արձակվել ոչ թե հենց այնպես, այլ ամբողջ երկու պատգամավորի անձնական երաշխավորությամբ: Հայաստանը երկիր է, որի օրենսդիրները երաշխավորում են մինչև 7 տարի ազատազրկում նախատեսող հոդվածի հատկանիշներով կասկածվող երիտասարդի ազատ արձակման համար: Իսկ այդ երիտասարդը ոչ թե նորահայտ Մարկ Ցուկերբերգն է, ով ատրճանակից մի քանի կրակոց է արձակել հերթական սենսացիոն նորույթը երկնելու ժամանակ առաջացած հոգեբանական խնդիրների պատճառով, այլ Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին: Հավանաբար փողատեր խորհրդականի, թերևս, նույնքան փողատեր որդին: Ու ոչ թե հավանական, այլ միանշանակ է, որ փողատեր լինելով՝ որդին այդ նաև իշխանության համար «վիզ դնող» որդի է, այսինքն՝ ընտրությունից ընտրություն իշխանության համար ընտրակեղծիքներ ապահովող երիտասարդ:
Դժվար է ասել՝ համապետական ընտրություններում ի՞նչ ծառայություններ է մատուցել իշխանությանը Լորետա Խաչատրյան անունով կինը, սակայն բոլորը գիտեն նրա ամուսնու՝ Սուրեն Խաչատրյանի մատուցած ծառայությունների մասին: Գիտեն ու չեն զարմանում, որ այդ կինը, ում որդին սպանել է Ավետիք Բուդաղյանին ու ազատ է արձակվել կարճ ժամանակ ազատազրկման վայրում գտնվելուց հետո, ահա այդ կինը ճանաչվել է՝ որպես գործով տուժող: Այդքանից հետո արժե՞ զարմանալ կամ տարակուսել, որ ձերբակալվել է Վերնիսաժում տեղի ունեցած կրակահերթերի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը: Որովհետև կրակողը, ինչպես հայտնի է, եղել է հայտնի օրենսդիր Յուվեցի Կարոյի փեսան: Կարո՞ղ է արդյոք որևէ ոչ պաշտոնյայի բարեկամ կամ որդի կրակել Երևանի փողոցներում և արժանանալ պատգամավորների երաշխավորությանը: Ազատ արձակվելու: Կարո՞ղ է որևէ պաշտոնյայի կին բանտում որդուն տեսակցության գնալու փոխարեն՝ տուժող ճանաչվել ու արցունք չթափել որդու 10-15 տարվա ազատազրկման համար: Կարո՞ղ է որևէ գիտնականի փեսա կրակել մարդկանց վրա կրկին Երևանի փողոցներում ու սպասել ազատ արձակմանը՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ մինչ Դատախազությունը հասցրած կլինի գործը «կարել» կրակվողի վրա: Այս հարցադրումներից որևէ մեկին դրական պատասխան կարող են տալ միայն վերը նշված ուղերձների ու հայտարարությունների հեղինակներն ու ՀՀԿ անդամները, ովքեր հավատում են այդ ուղերձներին: ՀՀ բնակչության մյուս հատվածը, այսինքն՝ 90 տոկոսը, չի կարող հավատալ ու չկարողանալով՝ պարտավոր է պատրաստ լինել որևէ մեկի որդու կրակոցից զոհվելու, կամ, եթե բախտը բերի՝ վիրավորվելու: Սա Հայաստանն է, և վե՛րջ: Ապահով Հայաստանը: Պաշտոնյաների զավակների համար ապահով ու անպատիժ կյանք ապահովող Հայաստանը»,–գրում է թերթը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։