«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն, www.hayocartsivner.am) Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը Կազմակերպության Նախագահության հետ միասին հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր, պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 560-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 40.000 մարդ: