«Առավոտ» թերթը գրում է.
«Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, և այստեղ, անշուշտ, կա նաև քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի ստանում հարկատուների փողերը:
Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ (բարեբախտաբար, բացառություն է բանակում ծառայելը): Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր և ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլև ենթարկվել զանազան ճնշումների: Մասնավորապես, դպրոցների մանկավարժներից շատերը ստիպված են մասնակցել ընտրակեղծիքներին:
Ակնհայտ է, որ, օրինակ, նախարարություններում աշխատող մարդկանցից ոչ բոլորն են հանցագործ: Նրանք, ովքեր ունեն համապատասխան լծակներ, կաշառքներ և «ատկատներ» են վերցնում, բիզնեսների մեջ են խցկվում և այլն, բայց մնացածը՝ հարյուրավոր մարդիկ, դրա հնարավորությունը չունեն կամ գուցե չեն գողանում՝ սկզբունքային նկատառումներից ելնելով»:
Իսկ ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: