«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սույն բաց նամակով դիմում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին` պահանջելով վարույթ հարուցել և քննարկման առարկա դարձնել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հարցի էությունը կայանում է նրանում, որ սույն թվականի հունիսի 21-ին կեսօրին ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հապճեպ ընդունման և ՀՀԿ խմբակցության ամբարտավան վարքագծի դեմ: 

Չնայած հանրության լայն զանգվածի դժգհությանը, այնուամենայնիվ նշյալ օրինագիծն ընդունվեց միայն ՀՀԿ խմբակցության քվեարկության արդյունքում: 

Քվեարկությունից հետո պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դուրս գալով ՀՀ Ազգային ժողովի շենքից անվայելուչ արտահայտություն է արել շենքի դիմաց գտնվող քաղաքացիների հասցեին՝ նրանց անվանելով՝ «Արա, դուք պիդեռներ եք», ինչին մի խումբ քաղաքացիներ համապատասխան արձագանքել են՝ մանրադրամներ նետելով նրա ուղղությամբ: 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, և 44-րդ հոդվածի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու, պահանջները` գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից հայհոյանք պարունակող արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին  ոչ հարիր և պատշաճ վարքագիծ է, ինչպես նաև էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Նման վարքագծի դրսևորումն էլ ավելի է խորացնում հարգանքի եւ վստահության բացակայությունը ոչ միայն իր, այլ նաև իր անդամակցած կուսակցության նկատմամբ: 

Ակնկալում ենք սեղմ ժամկետում արձագանքել հանրության այս պահանջին՝ վարույթ հարուցել և քննարկել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը: