Իսրայելացի զինվորականները հայտարարել են, որ օդային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ռազմական օբեյկտների վրա՝ ի պատասխան հրեա երեխայի սպանության սիրիական տարածքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ կիրակի օրը պատահար է գրանցվել Իսրայելի կողմից գրավված Հոլանյան բարձրունքներին։ Սիրիական տարածքից կրակոցներ են արձակվել տարածքով անցնող բեռնատար մեքենայի վրա։ Մեքենայում եղել է 15-ամյա երեխան և նրա հայրը։ Անչափահասը մահացել է, իսկ նրա հայրը՝ վնասվածքներ ստացել։ 

Իսրայելական իշխանությունները երեխայի մահը անվանել են ամենալուրջ պատահարը սիրիական պատերազմից՝ 2011թ-ից ի վեր։ Դեռևս հայտնի չէ, թե կրակոցների հեղինակը սիրիական բանակայիններն են եղել, թե ընդդիմադիր ուժերի զինվորականները։