Օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունն ամփոփեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի մրցույթի հայտերը:
YerevanNews.am-ը զրուցել է մրցույթի մասնակից, «Խոսրովի անտառ» արգելոցի նախկին տնօրեն Վարանցով Բարսեղյանի հետ, ով զրույցի ամենասկզբում մեզ շտապեց հերքել, որ ոչ թե նախարարն է իրեն ազատել աշխատանքից, այլ ինքն է ազատվել իր սեփական դիմումի համաձայն: Նշենք, որ մրցույթի մասնակիցների թվում է նաև Վարանցով Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Վարանցով Բարսեղյանը բնապահպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր նախորդ տարվա սեպտեմբերին` արգելոցում ապօրինի որսի դեպքի բացահայտումից հետո:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.
Ինչու՞ որոշեցիք նորից Ձեր թեկնածությունն առաջադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի մրցույթում:
-Մրցույթին թեկնածություն դնելը դա հանցա՞նք է: Ինձ երբ էին հեռացրել, որ ես հիմա մտածեմ դառնամ կամ չդառնամ: Ես աշխատանքից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն: Հիվանդ եմ եղել դուրս եմ եկել, դրա մեջ ի՞նչ կա: Հիմա նորից ցանկություն ունեմ մասնակցելու: Այստեղ ոչ միտում կա, ոչ դիտավորություն և ոչ էլ մեկ ուրիշ բան: Ինչու՞ են մարդիկ չարակամ ձևով մտածում կամ պատկերացնում:
-Ի՞նչ եք կարծում «Խոսրովի անտառ»-ի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթն արդար է լինելու:
-Արդար է լինելու, թե անարդար, ես դա չեմ կարող ասել:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը և թեկնածուներից ու՞մ եք համարում Ձեզ մրցակից :
-Չեմ ճանաչում մրցույթի մասնակիցներին: Եթե ես դրել եմ իմ թեկնածությունը, ապա պարտադիր չի, որ ես պետք է անցնեմ:
- Իսկ ու՞մ եք համարում Ձեզ արժանի մրցակից:
- Ես բոլորին էլ ինձ մրցակից եմ համարում:
-Ի՞նչ կասեք տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանի մասին:
-Շատ լավ ընկեր է, շատ լավ մարդ է :
-Պարոն Բարսեղյան, Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանում հաճախ էինք բնապահպաններից և ակտիվիստներից լսում դժգոհություններ այն մասին, որ արգելոց մտնելը չափազանց հեշտ էր դարձել: Եթե չենք սխալվում, 500 դրամով մարդիկ կարողանում էին արգելոց մտնել: Ընտրվելու դեպքում, արդյո՞ք չեք պատրաստվում փոխել Ձեր աշխատելաոճը:
- Բնապահպաննե՞րն են որակավորում իմ ուժեղ կամ թուլ լինելը: Գիտեք ինչ՞ կա, կա հաստատված սակագին, որը պարտադիր համաձայնեցված է լինում ` պետական համապատասխան մարմինների կողմից: Հետևաբար, ես ո՞վ եմ, որ չիրականացնեմ տրված հանձնարարությունները: Խոսրով մետնելը դժվար է եղել և դժվար էլ պիտի լինի:
- Մամուլում լուրեր էին տարածվել, որ Ձեր և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջև տարաձայնութուններ կան, որքանո՞վ է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրակունությանը:
- Մեր հարաբերությունները շատ նորմալ են, մեր մեջ ի՞նչ տարաձայնություն պետք է լիներ:Այդպիսի բան չկա:
Զրուցեց` Ելիզավետա Ասատրյանը