«Հրապարակ» թերթը գրում է.

«Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի ու Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությունը թեպետ տապալվեց, սակայն նորն է ձևավորվում, բայց ոչ թե պատգամավորների նախաձեռնությամբ, այլ մասնակցությամբ:

Խոսքն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի, Ադմիրալ Սամվելի, Խաչիկ Ավետիսյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի և այլոց նախաձեռնության մասին է: Նրանք ցանկանում են ազատամարտիկների և հասարակական կազմակերպությունների դաշինք ստեղծել և մոտ երկու ամիս է՝ դրա հետ կապված հանդիպումներ ու քննարկումներ են անում, իրենց անելիքները պլանավորում:
Արդեն մի քանի օր է, ինչ նրանք գրասենյակ են վարձել «Հայրենիք» կինոթատրոնի շենքի առաջին հարկում ու այսուհետ իրենց հանդիպումներն անցկացնելու են այնտեղ: Նրանց է միացել նաև Սասուն Միքայելյանը:

Ենթադրվում է, որ կմիանան նաև դաշտային հրամանատարները: Իշխանություններն արդեն հասցրել են անհանգստություն ցուցաբերել դեռ չձևավորված դաշինքի հանդեպ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: