«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ադրբեջանական АРА գործակալությունը երեկ տարածեց Ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից ստացած մի տեղեկություն այն մասին, թե Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարելու МТУ-90М տանկային կամրջաշիններ (танковый мостоукладчик. այս տեխնիկայի պաշտոնական հայերեն թարգմանությունը մեզ չհաջողվեց գտնել): Քանակն ու գործարքի գինը չի նշվում: Առաջին հայացքից բավականին անմեղ թվացող այս տեղեկատվությունը, իրականում, պետք է որ մտահոգիչ դառնա:

Խնդիրն այն է, որ առերևույթ տանկային կամրջաշինները ավելի շուտ խաղաղ բնույթի տեխնիկական աշխատանքներ են անում, դրանք նախատեսված են գետերի և ձորակների վրա մեծ արագությամբ կամուրջներ կառուցելու համար: Բայց միջազգային ռազմական դասակարգմամբ, տանկային կամրջաշինները համարվում են հարձակվողական բնույթի զինտեխնիկա. ինչը պայմանավորված է դրանց հիմնական գործառույթով: Տանկային կամրջաշինները անփոխարինելի են այն ժամանակ, երբ հարձակվող զինուժի ճանապարհին առկա են գետեր և ձորակներ, որոնք չեն կարող հաղթահարվել ծանր տեխնիկայի կողմից: Դրանք բավական արագ տեմպերով նման խոչընդոտների վրա կամուրջներ են կառուցում: Հետագայում դա օգտագործվում է նաև նոր դիրքեր գրաված զինուժին սպառազինությունների և այլ մատակարարումների արագ կազմակերպման համար: Տանկային կամրջաշինները կիրառելի են հատկապես կտրտված ռելիեֆի համար, այսինքն այնպիսին, ինչպիսին է հայ-ադրբեջանական շփման գոտին:

Այնպես որ, այդ տեխնիկան ամենևին էլ «անմեղ» չէ: Իհարկե, քննարկման առարկա է. թե որքանով կօգնի Ադրբեջանին այդ տեխնիկան կամ ընդհանրապես կօգնի, թե ոչ: Բայց ավելի կարևոր է այն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մի նախանձելի ինտենսիվությամբ Ադրբեջանին է մատակարարում ընդգծված հարձակվողական բնույթի սպառազինություն»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: