Հունիսի 26-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ռիգա:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծեց, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարևորեց երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության ձևավորումը։
Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաև հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ:
Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչի հետ: