Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը տարբերություն չի տեսնում, թե այդ երկրի նախագահ օգոստոսի 10-ին կընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե Բան Կի Մունը, միևնույն է՝ թուրքերը կշարունակեն նույն հակահայկական քաղաքականությունը։

Նրա խոսքերով՝ Թուրքիայում պետք է իրականացվի համակարգային փոփոխություն, որից հետո կարելի է մտածել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին. «Պատմության ընթացքում եղել են չափազանց ծայրահեղական թուրք նախագահներ, եղել են ավելի տոլերանտները, բայց դրանից հայության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել։ Թուրքիայի պարագայում անձով ոչինչ չի կարելի որոշել, քանի որ այդ պետությունը, սիստեմն ունի հակահայկական բնույթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է  թուրքագետը։