Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանն այսօր ներկայացրեց 2012 թվականին  կատարած աշխատանքները: Վերջինս նշեց, որ Երևանում գործում է 108 առողջապահական կազմակերպություն, որից 34-ը  Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում. «2012թ. Քանաքեռ Զեյթուն, Սրբ. Աստվածամայր , Գրիգոր Նարեկացի ՓԲԸ ները վերակազմակերպվել են: Ստեղծվել են նոր 10 ընկերություններ` Դավիթ Անհաղթ թիվ 10 պոլիկլինիկա, Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենիայի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ, Արաբկիր մանկական պոլիկլինիկա, Նուբարաշեն, Սարի թաղ, Նոր Արեշ, Կարմիր բլուր, թիվ 18, Սրբ. Աստվածածին ծննդատուն»,- իր խոսքում նշեց Կամսար Բաբինյանը:

Ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ բոլոր պոլիկլինիկաներում բարելավվման, մուտքային դռների հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել 4.3 միլիոն դրամի և մի քանի հիվանդանոցներում լոկալ ջեռուցման համակարգի ներդրման ծրագրեր են իրականացվել: Կամսար Բաբինյանի խոսքերով 16.4  միլիոն դրամ գումար է տրամադրվել թեքահարթակներ կառուցելու համար. «Նաև հարմարավետ բուժ սենյակներ առանձնացվեցին հատուկ հաշմանդամների համար»: Վարչության պետը հատուկ շեշտեց, որ թվով 81 մեքենա է նվիրաբերվել շտապօգնության աշխատանքների համար :

«Շուրջ 14 միլիոն դրամի գումար է հատկացվել կենտրոնական թթվածնի համակարգ տեղադրելու համար»,- ասաց բանախոսը: Վերջինս նաև ներկայացրեց 2013 թվականին իրենց կազմած ծրագրերի մասին. «Վերազինելու ենք լաբարատոր-դիագնոստիկ ծառայությունները: Լինելու են նոր ապարատներ, գնելու ենք էխո ապարատներ` որովայնի հետազոտության համար: Այս ծրագրին տրամադրել ենք 70 միլիոն դրամ»: