ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները, ներկա վիճակն ու կանխատեսումները: 

Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար:Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետևանքով Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Ակնկալվում է մինչև 8 հազար տոննա ծիրանի բերք՝ նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան և այլն: Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում և առաջիկա 10-15 օրերի ընթացքում աստիճանաբար կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաև մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է և կազմում է 60-70 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ, վարունգինը՝ 60-150 դրամ և այլն: