Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մայիսի 19-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղարկված գրությամբ առաջարկել է ուղղորդվել իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի գործողության սկզբունքով, ձեռնարկել միջոցներ փաստաբանների և ազատազրկվածների տեսակցության իրավունքի լիարժեք վերականգնման և Կանոնակարգն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Օմբուդսմենի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարը հայտնել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այլ երկրներում կիրառվող լավագույն փորձը և օրենսդրական բարեփոխումների ընթացքում առաջնորդվել այդ փորձով: Միաժամանակ նշվել է, որ տվյալ հարցում ակնկալվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությունը: Հայտնվել է նաև, որ մայիսի 30-ին տեղի է ունենալու սեմինար, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել այդ հարցը:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն, առաջնորդվելով կառուցողական համագործակցության սկզբունքով, մասնակցել են քննարկմանը, այնուհետև իրականացրել խորքային ուսումնասիրություն և պարզել, որ Եվրոպական դատարանը փաստաբանի հետ տեսակցությունների սահմանափակումները կամ դատական պաշտպանությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակի անբավարարությունն առանձին դեպքերում դիտարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (Օջալանն ընդդեմ Թուրքիայի, Դաուդն ընդդեմ Պորտուգալիայի): Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրության շրջանակներում պարզվել է նաև, որ Ռուսաստանի Գերագույն դատարանում լսվել է «Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի կանոններ»-ի 83-րդ կետի (պաշտպանի հետ ազատազրկվածի տեսակցության սահմանափակումը ոչ աշխատանքային ժամերին և միայն վերկացից մինչև քուն ընկած ժամանակահատվածում) իրավաչափության հարցը: Դատարանը, առաջնորդվելով ՌԴ Սահմանադրությամբ ամրագրված, յուրաքանչյուր անձի իրավաբանական օգնություն ստանալու, իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման, ինչպես նաև դատապարտյալ անձի կողմից ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքներով, անվավեր է ճանաչել «Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի կանոններ»-ի 83-րդ կետը՝ վերացնելով առկա սահմանափակումը:
Վերոնշյալ ուսումնասիրությունների բոլոր արդյունքները և որոշումների պատճենները հունիսի 23-ին ուղարկվել են Արդարադատության նախարարին, սակայն, ցավոք, մինչ օրս համարժեք քայլեր չեն ձեռնարկվել, և չի վերացվել ակնհայտ օրենսդրական հակասությունը:
Տարակուսելի է օրենսդրական այսպիսի ակնհայտ հակասության և իրավունքների համատարած խախտման պարագայում Արդարադատության նախարարության նման դանդաղկոտ գործելաոճը: