Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ավարտվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով դատաքննությունը: Մարտի 29-ի դատական նիստում ճառերով հանդես կգան մեղադրող ու պաշտպանական կողմերը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք,-գրում է Փաստինֆոն:

Նշենք, որ սա գործով երկրորդ դատաքննությունն է՝ առաջին դատաքննությունն անց է կացվել նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հունվարի 20-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Տեր-Մինասյանը մեղավոր էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` 1.206.030 ՀՀ դրամ գումարը չգերազանցող գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ի որոշմամբ Ա.Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն` բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Պաշտպանական կողմը միջնորդել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ.Փիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել էր։