«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, մեր աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք և արարողակարգ են սովորեցնում: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ և դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»: Այսպիսով, պետք է արձանագրել, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, և այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել: Սակայն պետք է նկատել, որ այդ փորձագետների աշխատանքը զուր կանցնի, եթե վերջիններս չկարողանան ազդել Ծառուկյանի արարողակարգային ընդունելությունների, հագուստի և դրանց գույների ընտրության վրա»։
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: