Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն: Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:
(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը):