Մեծբրիտանական Մանչեստր քաղաքից 16-ամյա երկվորյակ-քույրեր գիշերով փախել են տնից՝ Սիրիա մեկնելու և այնտեղ հանդես եկող հակակառավարական «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությանն անդամկցելու նպատակով: Նրանք գաղտնի կերպով վերցրել են իրենց արտասահմանյան անձնագրերը, նստել Ստամբուլ թռչող ինքնաթիռը՝ հույս ունենալով այնուհետ հատելու թուրք-սիրիական սահմանը: Աղջիկների ծնողները ծագումով Սոմալիից են, ովքեր Մեծ Բրիտանիա են ներգաղթել 10 տարի առաջ:
Ավելի վաղ փախուստի դիմած երկվորյակները կապվել էին Սիրիայում ապրող բարեկամների հետ, որտեղ արդեն իսկ «ջիհադականների» շարքերում կռվում է նրանց ավագ եղբայրը. փախուստից 10 օր անց քույրերի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:
Իհարկե, այսպիսի դեպքերը եզակի չեն: Վերջին 3-4 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում նկատվող իսլամական ծայրահեղ արմատական տարրերի ակտիվացումը մագնիսի ուժով դեպի տարածաշրջան է կլանում տարբեր նպատակներով ինքնահաստատվել ձգտող մուսուլմաններին աշխարհի բոլոր ծայրերից: Այս միտումն առավել աճի հնարավորություն ունի հատկապես այն պայմաններում, երբ ԻՊ-ն օրեցօր զարգացնում է հաջողությունները բոլոր ճակատներում, որտեղ հանդես է գալիս: Իսկ գաղափարական առումով գործընթացին առավել լայն տարածում կարող է հաղորդել կառույցի կողմից իսլամական խալիֆայության հռչակումը:
Արաբագետ Արմեն Պետրոսյան