«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երբ մայիսի 29-ին Աստանայի հայտնի նիստից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ կլինի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ստորագրել արդեն հունիսի 15 -ին, սակայն չնայած դրան` ԵՏՄ հիմնադիր անդամների կողմից Հայաստանին տրվեց լրացուցիչ ժամանակ` մինչև հուլիսի 1-ը, շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այդ ժամանակը տրվել է Սերժ Սարգսյանին` Ղարաբաղի հարցում նշանակալի փոխզիջման գնալու և անդամակցության խնդիրն այդկերպ լուծելու համար:
Դատելով ԵՏՄ-ին անդամակցության ժամկետների շարունակական ձգձգումներից` ՀՀ իշխանություններն առայժմ դիմադրում են, և կարծես թե` առաջիկայում էլ չեն պատրաստվում տեղի տալ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու ճնշումներին: Ինչը նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասել նորանոր մարտահրավերների, ընդհուպ` չնախատեսված պատերազմական գործողությունների վերսկսման: Այսօր առավել քան երբևէ` Ռուսաստանը պատրաստ է անել առավելագույնը` հասնելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը և այդպիսով իրենով անել ոչ միայն Արցախը և Հայաստանը, այլև Ադրբեջանը: Ուկրաինայից հետո Ռուսաստանը կարծես թե մտադիր է գնալ «վա բանկ», և երբ ասվում է, թե Հայաստանի անդամակցությունը կլինի տարեվերջին` դա հնչում է որպես չարագուշակ կանխատեսում, որն իր մեջ պարունակում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռուս զինվորների տեղակայման` օրեցօր առավել տեսանելի դարձող վտանգ:
Ամենևին էլ պատահական չեն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի և Ղարաբաղի սահմաններին չդադարող կրակոցներն ու դիվերսիաները: Թե՛ Նախիջևանի հետ սահմանում տեղի ունեցած վերջին դեպքերը, թե՛ երեկվա՝ Վարդենիսի արտառոց դիվերսիան խոսում են մեկ բանի մասին. պրոցեսները փորձ է արվում խթանել, և կոնկրետ մեկ կամ գուցեև` ավելի գերտերությունների կողմից ամեն գնով փորձ է արվում ստեղծել պատերազմի պատրվակ` «casus belli» ասվածը, որը նրանց գործուն միջամտությամբ` սահուն կերպով կվերաճի իրական պատերազմական գործողության` արդեն իսկ նշված հանգուցալուծմամբ` ռուսական (կամ գուցեև` ՀԱՊԿ) խաղաղապահ զորքերի տեղակայմամբ: Հենց այսպիսի հեռանկարի մասին էր նախօրեին ահազանգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հայտարարելով, թե «Ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»:
Այս կործանարար հեռանկարին դիմագրավելու, կամ` առնվազն ժամանակ շահելու ձևերից մեկն էլ իշխանափոխությունը կարող էր լինել, պայմանով, սակայն, որ ՀՀ նախագահի պաշտոնին չի հայտնվի նախկին նախագահներից և ոչ մեկը: Նման բան, սակայն, ներկայիս քաղաքական իրավիճակում որևէ մեկը երաշխավորել չի կարող»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: