«Քիչ առաջ շրջանառության մեջ դրվեց ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով մասնավորապես նախատեսվում է, որ <<Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:>>
Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի ունի, օրինակ, 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով և ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում, բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառված վնասը և բաց թողնված օգուտը»-գրում է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: