Վենեսուելայում ուրբաթ օրը հրաժեշտ էին տալիս քաղցկեղ հիվանդությունից մահացած նախագահ Ուգո Չավեսին՝ հուզումնալից արարողությամբ ստվեր գցելով նրա 14 ամյա կառավարման մասին օտար երկրներում հնչող բացասական վերաբերմունքի վրա։
Արարողությունից մի քանի ժամ անց փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն երդում տվեց ժամանակավոր նախագահի պաշտոնում, որի թեկնածությունը հիվանդության օրերին առաջադրել էր Չավեսը։ Մադուրոն, երդումից հետո հրահանգեց Ազգային ընտրական խորհրդին հրավիրել նախագահական նոր ընտրություններ։
Մադուրոն ասաց, թե ինքը տեղեկություններ ունի այն մասին, որ ընդդիմությունը մտադիր է բոյկոտել ընտրությունները, եւ կոչ արեց նրանց հրաժարվել այդ քայլից ու ներկայացնել իրենց թեկնածուին։
Նախագահական երդումից քիչ անց արտասանած ելույթում Մադուրոն ասաց, թե Չավեսը հիվանդության 18 ամիսների ընթացքում հաճախ աշխատում էր ուժեղ ցավերի ներքո ու գիտեր, որ մի օր հիվանդությունը հաղթելու էր իրեն։
Մադուրոն այնուհետեւ փոխնախագահի պաշտոնում նշանակեց գիտության ու տեխնոլոգիայի նախարար Յորգե Արեազային։ Վերջինս Չավեսի փեսան է։
՝՝Մենք շարունակելու ենք պաշտպանել աղքատներին, սնելու ենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը ու կառուցելու ենք հզոր հայրենիք՛՛, իր խոսքում հայտարարեց նոր նախագահը, ավելացնելով. ՝՝Մենք շարունակելու ենք Չավեսի սկսած պայքարը՛՛։
Հուղարկավորության արարողությանը ներկա էին մի շարք երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի, Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի, Էկվադորի, Իրանի, Բելառուսի ու Սիրիայի ղեկավարները։
Պատվիրակություն էր ժամանել նաեւ ԱՄՆ-ից,-գրում է Ամերիկայի ձայն։