«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվա տապը և երկրի առանց այն էլ ոչ այնքան աշխույժ կյանքում ազդարարված ամառային դադարն իրենց ազդեցությունն են ունեցել ամեն ինչի վրա՝ քաղաքական անցուդարձ, սոցիալական պայքար, հասարակության մասնակցություն երկրում առկա բազում խնդիրների լուծմանը: Ամառն իր սև գործն արել է՝ հասարակությանը մղելով անտարբերության ու սպասողական վիճակի: Շուրջբոլորն ամեն ինչ պասիվ ու արձակուրդային վիճակում է, չնայած խնդիրների սրությունը, թվում է, արձակուրդի մասին մտածելու հնարավորություն չպետք է ընձեռեր ոչ իշխանություններին, ոչ հասարակությանը, ոչ ընդդիմությանը: Ինձ հետաքրքրեց՝ արդյո՞ք անցած տարիներին ևս մեզանում այսքան շատ խնդիրներ էին կուտակված, և արդյո՞ք ամառային սեզոնն այսպես կաթվածահար էր անում ամեն ինչ:
Ահա, ձեռքս եմ վերցնում չորս տարի առաջվա՝ 2010 թվականի հուլիսի 15-ի «Հրապարակը» և փորձում եմ վերհիշել, թե այդ օրն ինչով էր ապրում մեր երկիրը, և ինչ էինք գրում մենք: Հայ-թուրքական սահմանի բացման խոսակցություններ՝ արձանագրությունները ստորագրվել են դրանից մեկ տարի առաջ, բայց սահմանի բացման հարցում ոչ մի տեղաշարժ չկա: Մի քանի օլիգարխներ միլիոնների արժողության անշարժ գույք են գնել Երևանի կենտրոնում: Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի բաց նամակը, որտեղ վերջիններս հայտարարում են, որ դիտարկում են «Դիլիջան» դպրոցի նախագծի կասեցման հնարավորությունը, քանի որ «սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»: Ահա «Արարատի մարզն ապահովիկացնո՞ւմ են» վերտառությամբ հոդվածը՝ Արարատում մարզպետ Վարդգես Հովակիմյանին Էդիկ Բարսեղյանով փոխարինելու մասին:
«Ժողովրդահայրենասիրական» անունը կրող ճակատը դեպի Ռուսաստան գնալու կոչեր է անում: Եվս մի հոդված ՀԱԿ ակտիվիստների դատի մասին: Կարծես ոչինչ չի փոխվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: