«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ Տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նաև դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է: Ավելին՝ երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ հասցրել է իր հավատարմագրերի պատճենները հանձնել ԱՄՆ պետքարտուղարին, որի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել:
Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ, ինչպես փոխանցում են դիվանագիտական մեր աղբյուրները, որևէ երկրի նախագահ՝ առավել ևս ԱՄՆ-ի պես գերտերության ղեկավարը, սովորաբար չի ընդունում երկու շաբաթ առաջ նշանակված դեսպանների: Այդ գործընթացը միջազգային պրակտիկայում կարող է տևել ընդհուպ մինչև մեկ տարի: Իսկ թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի՝ նման սիրալիր վերաբերմունքը ՀՀ նախկին վարչապետի նկատմամբ, դեռ վաղ է ասել»:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: