«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանը հայտնի է բոլորի հետ լավ լինելու իր ունակություններով: Մյուս կողմից՝ նա կարողանում է անցանկալիներին աստիճանաբար իրենց տեղը ցույց տալ, հասկացնել, որ այնքան էլ հակված չէ աշխատել նրանց հետ կամ կգերադասեր այլոց տեսնել տվյալ պաշտոնին: Օրինակ, իշխանավորների հետ միջանցիկ զրույցներում հաճախ կարող ես լսել, որ վարչապետը «չունի Տարոնի հետ» և նրան լավ քաղաքապետ չի համարում: Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աստղն սկսեց խամրել, իսկ Աբրահամյանի «քիփը» համարվող տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանինը՝ հակառակը, օրեցօր ավելի վառ է փայլում: Նա Աբրահամյանի օրոք թիվ մեկ հարց լուծողներից է դարձել, որի ազդեցությունը վաղուց հատել է «տրանսպորտային» հարցերի սահմանը:
Մինչդեռ Տարոն Մարգարյանի «տարածքն» այնքան է նեղացել, որ նա նույնիսկ իր ծառայողական մեքենան չի կարողանում կայանել նախկին «արտոնյալ» տեղում՝ կառավարության շենքի բակում, և կանգնեցնում է այլ վայրերում, այսինքն, «որտեղ կամենա»: Մարգարյանին կառավարության բակում ավտո կանգնեցնելու իրավունքից զրկել են մի 10 օր առաջ և սա կառավարության միջանցքներում վարչապետի «հատուկ» վերաբերմունքի ապացույցն են համարում: Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ վարչապետ Աբրահամյանի օրոք Գագիկ Բեգլարյանին հաջողվի իրականացնել իր դաժանորեն ընդհատված երազը կրկին Երևանի քաղաքապետը դառնալու մասին»:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի համարում: