Զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան:

Հավաքակայանում Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զինակոչիկների առողջական վիճակով, հետևել է հավաքակայանում ընթացող բուժզննման գործընթացին, զրուցել է բժշկական անձնակազմի հետ: Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը հետևել է վիճակահանության ընթացքին:

Սեյրան Օհանյանը հավաքակայանում զրուցել է նաև որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ` ընդգծելով, որ ծառայության վայրի ընտրության վիճակահանության մեթոդը հնարավորություն է տալիս բացառելու կոռուպցիոն ռիսկերը և ապահովում է զորակոչի թափանցիկությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանը սպառիչ պարզաբանումներ է տվել հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, վերջին օրերին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների, լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ: