Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի անդամներին` խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ մի շարք վարչությունների պետեր, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը:
Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը կարևորեց Համակարգող խորհրդի գործունեությունը, զինված ուժերի ստորաբաժանումներ կազմակերպվող այցելությունները, որոնց ընթացքում իրականացվում են մշակութային միջոցառումներ, դիտարկվում են սպա-զինվոր փոխհարաբերությունները և զինծառայությանը վերաբերող այլ հարցեր: Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրեց խորհրդի կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունների դերը, խորհրդի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը:
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդը զգալի դերակատարություն ունի բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում: Պարբերաբար լինելով ազգային բանակի զորամասերում` խորհրդի անդամները բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնում` նպաստելով նաև զինծառայողների հայրենասիրական ոգու ամրապնդմանը: