«168 ժամ» թերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, իհարկե, դեռևս վաղ է. դեռ կես տարի էլ չեն աշխատել: Սակայն, քանի որ պաշտոնական վիճակագրությունն ամսվա կտրվածքով հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները դժվար է գայթակղությանը դիմանալ և որոշ համեմատականներ չանցկացնել»,–գրում է թերթը և շարունակում։
«Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները 2014 թվականի առաջին կիսամյակի համար: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.5%: Սա նորմալ է, և նախորդ տարվա համեմատ՝ դինամիկան գրեթե չի փոխվել: Աճ են արձանագրել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Այսպես, 2014 թ. առաջին կիսամյակում 2013թ. առաջին կիսամյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքն ավելացել է 1.4%, շինարարությունը՝ 0.4%, առևտրի շրջանառությունը՝ 5.6%, ծառայությունների ծավալը՝ 4.0%: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բարձրացել է մարդկանց գնողունակությունը: Միջին աշխատավարձն աճել է 7.1%-ով և կազմել 160.9 հազար դրամ, իսկ սպառողական գներն աճել են 4%-ով:
Հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից բարձրացել են նաև պետական հատվածի աշխատավարձերը՝ հաջորդ ամիս այս ցուցանիշն ավելի «պլպլան» կլինի, և Հ. Աբրահամյանը կկարողանա պարծենալ գնողունակության բարձրացմամբ: Սակայն ամեն ինչ չէ, որ փայլուն է: Արդյունաբերությունը չի աճում: Չնայած արդյունաբերության զարգացմանն ուղղված ռազմավարության ընդունմանը՝ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է… զրո տոկոսով (ծավալը՝ 579.3 միլիարդ դրամ): Իսկ որ ավելի ուշագրավ է՝ նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 3735.4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 3.2%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: