Հուլիսի 22-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նգույեն Տհե Տհաոյի հետ:
Հանդիպման ընթացքում, ընդգծելով Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները, կողմերը քննարկեցին երկու երկրների մայրաքաղաքաների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երևանի և Հանոյի միջև համագործակցության հնարավորությունները առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում: Զրուցակիցներն ընդգծեցին համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Քարտուղարին հանդիպման համար և նրան փոխանցեց Երևանի քաղաքապետի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Ռաիսա Վարդանյանը երկու մայրաքաղաքաների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաև քաղաքների կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձևավորման համար առաջարկեց քննարկել տարբեր ոլորտների մասնագետների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունը:
Նգույեն Տհե Տհաոն իր հերթին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների զարգացման աճող տեմպերի կապակցությամբ, ինչի վառ ապացույցը համարեց Վիետնամում ՀՀ դեսպանության բացումը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումով Երևանի և Հանոյի միջև հարաբերությունները ևս կթևակոխեն որակապես նոր փուլ:
Քարտուղարը գոհունակությամբ ընդունեց Երևան այցելելու հրավերը և իր հերթին Երևանի քաղաքապետին հրավիրեց Հանոյ՝ համոզմունք հայտնելով, որ անմիջական հանդիպման ընթացքում հնարավոր կլինի կոնկրետացնել համագործակցության հետ կապված բոլոր հարցերը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետևողական քայլեր իրականացնել` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար: