Հայաստանի փաստաբանների պալատում սկսվել ու մինչեւ ժամը 17.00-ը կտեւի Փաստաբանների պալատի Խորհրդի ընտրությունները: Խորհուրդը կազմված է 12 փաստաբանից, այն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 31 փաստաբան, այդ թվում՝ ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գեւորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը: Խորհրդի այդ կազմից չի առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ Ալումյանը, Հայաստան Ստեփանյանը, իսկ Կարինե Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը:
2013 թվականի մարտի 5-ին, ժամը 11:00-ից մինչեւ 19:10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել Պալատի խորհրդի անդամների ընտրությունների քվեաթերթիկների եւ ընտրողների ցուցակների տպագրությունը, որին ներկա են գտնվել Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը, Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Իրինա Փիլոյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ անդամ Նելլի Հարությունյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության ավագ իրավաբան Արման Խաչատրյանը:
Ըստ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի՝ քվեաթերթիկների տպագրության գործընթացին որեւէ թեկնածու կամ թեկնածուի վստահված անձ ներկա չեն եղել: Տպագրվել է 1418 հատ քվեաթերթիկ, որոնք կնքվել են եւ Հաշվիչ հանձնաժողովի կնիքի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:ժ, հաղորդում է «Փաստինֆոն»: