Հուլիսի 25-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարեց, որ Եվրասիական միությանն անդամակցությունը վտանգավոր գայթակղություն կարող է լինել ՀՀ-ի համար: Նրա կարծիքով՝ Եվրասիական շուկայում հնարավոր է մեծ ծավալներով գինի արտահանել, սակայն այնտեղ չկան որակային մեծ պահանջներ:
Պրն Հարությունյանը մասնավորապես ասաց. «Հնարավոր է՝ մեր գործընկերներն իսկապես առաջընթաց են արձանագրել եւ ավելի շատ գինի են արտադրում, բայց արդեն որակյալ: Հնարավոր է: Բայց նախկին փորձը հիշում ենք: Այդ պատճառով, այսպես թե այնպես, ավելի լավ է արտադրել թեկուզ փոքր-ինչ թանկ եւ քիչ, բայց՝ որակյալ: Այդ դեպքում ավելի քիչ կախված կլինենք քաղաքականությունից: Իսկ Եվրասիական միության շուկան հակառակն է խթանում: Եվ ոչ բոլոր արտադրողները կդիմադրեն այդ գայթակղությանը»:
Նա նաև օրինակ բերեց Վրաստանի շուկան՝ նշելով, որ Սահակաշվիլիի կառավարման տարիներին Վրաստանը փոխեց իր գինու արտահանման քաղաքականությունը՝ նախընտրելով արտահանել քիչ քանակով, սակայն ավելի որակյալ գինի:
Մաքսային տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից գինու արտահանման ծավալները կազմել են 4.26 մլն դոլար, որից՝ շուրջ 80%-ն արտահանվել է Ռուսաստան: