Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Սակայն ադրբեջանական կողմը կրկին իրադարձությունները ներկայացնում է իր համար բարենպաստ տեսանկյունից: Vesti.Az-ն հայտնում է, որ դիվերսիոն գործողությունը իրականացրել է հայկական կողմը: Սակայն մոռանում է մի պարզ ճշմարտություն. «Հարձակվող կողմը միշտ ավելի շատ կորուստներ է ունենում, քան պաշտպանվող»:

Այսպիսով, արդեն իսկ հրապարակվել են երեկ գիշեր իրականացված դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները. նշվում է 4 ադրբեջանցի զոհի անուն՝ ենթասպա Ալիեվ Փարվին Սալահադդին օղլու, կրտսեր ենթասպա Ռախիլ Հուսեյնով Աֆսար օղլու, կրտսեր ենթասպա Էլչին Ահմեդով Ռասիմ օղլու, Գուլիեվ Սարհան Գեյրաթ օղլու: 

Առավել վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշում էր 5 զոհի և 8 վիրավորի մասին: