Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել: Սա կարելի է նույնիսկ որակել, որպես ռուսական 3-րդ «հայրենական պատերազմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Քաղաքագետը մասնավորապես ասաց. «Ինձ համար ակնհայտ է, որ այս դիմակայության արդյունքը լինելու է այն, որ Ռուսաստանը պարտվելու է: Այս դիմակայությունը կար դեռևս տասնյակ տարիներ առաջ՝ ՍՍՀՄ-Արևմուտք ժամանակահատվածում, սակայն այն ժամանակ ՍՍՀՄ-ն ավելի ուժեղ էր, քան ներկայիս Ռուսաստանը, իսկ Արևմուտքն այնքան հզոր չէր, որքան այսօր է»:
Արա Պապյանը կարծում է, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանը իր մաշկի վրա կզգա արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների ամբողջ ազդեցությունը: Հնարավոր է նույնիսկ ՌԴ-ն հայտնվի 90-ականների սկզբում առկա իրավիճակում:
«Սա մեզ համար վատ է, բայց մեզանից կախված չէ: Այս պատժամիջոցներն էականորեն ազդելու են Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վիճակը կծանրանա, դա կազդի մեր տնտեսության վրա: Բացի դրանից նաև գիտենք, որ շատ անհատների եկամուտները նույնպես գալիս են ՌԴ-ից՝ տրանսֆերտների միջոցով»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մեզ համար սա կարող է ճակատագրական լինել և ՀՀ-ն կարող է տուժել ավելի շատ քան ՌԴ-ն:
Արա Պապյանը համոզված է, որ Հայաստանի միակողմանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան պետք է շտկվի, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք արևմուտքի հետ: