Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Axar.az-ին տրված հարցազրույցում Իսա Սադիգովն ասել է. «Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»:

Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաև Պաշտպանությա նախարարության անզորության հետ: Սադիգովը մասնավորապես հայտարարել է. «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառաություն է ռազմական իրականության մեջ: Այս փաստի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը ՊՆ-ի առջև, իսկ ՊՆ-ն էլ՝ գերագույն հրամանատարի»:

Նա նաև նշել է, այն զարմանալի փաստը, որ ՊՆ-ն հանգստյան օրերին չի նշում հրադադարի ռեժիմի խախտման մասին: «Ինչ է այդ օրերին այն չե՞ն խախտում»,- հավելել է Սադիգովը: