<<Ներկայումս իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ աջակցությանը>>: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը ԼՂՀ հակամարտության սրացման մասին պետք է անի հայտարարություն, նախարարը պատասխանեց.<<Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում>>: Նախարարը խոսեց նաև գործընկերների՝ մասնավորապես Ռուսաստանի միջոցով, մեր Զինված ուժերին ժամանակակից սպառազինություններով և տեխնիկայով համալրելու մասին:
Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտները չեն կարող դիտարկվել գերիների կարգավիճակում: Նախարարը մասնավորապես ասել է.
«Նրանք հանցագործներ են: Խմբի նպատակը տեղեկությունների հավաքագրումն էր: Նրանց մոտ հայտնաբերված նյութերը ցույց են տալիս, որ վերջիններս ուսումնասիրել են ենթակառուցվածները, ռազմական մասերը, բանակային ստորաբաժանումների տեղաշարժերը: Դա պետք է ադրբեջանական ղեկավարության կողմից համապատասխան որոշման հիմք ծառայեր: Նրանք հանցագործներ են, եւ պետք է դատապարտվեն Լեռնային Ղարաբաղի եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան»: