Ժողովուրդ թերթի խմբագրականում կարդում ենք.
«Այսօր օրերին պատերազմի սպառնալիքից մտահոգված հայ հանրությունը հույսեր է փայփայում, որ վաղը Սոչիում կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքը կլինի առնվազն սահմանային լարվածության երկարաժամկետ նվազեցումը։ Թեև փորձագիտական շրջանակներն էլ մտավախություն են հայտնում, որ դա կարող է լինել Պուտինի կողմից շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման պարտադրանքի արդյունքում։

... Ռուսների ջանքերը առավել կարևորվում են՝ հաշվի առնելով այն, որ մինչև այդ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Սարգսյան–Ալիև հանդիպումը։ Եվ հիմա՝ լարվածության այս էսկալացիայի ֆոնին, կարողանալով հասնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների համաձայնությանը՝ Սոչիում կայանալիք հանդիպման շուրջ, Ռուսաստանն այդպիսով ի ցույց է դնում իր ազդեցության չափը Հարավային Կովկասում։

Սակայն ամբողջ խնդիրն էլ այն է, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը, իբրև այդպիսին, չի կայանալու։ Համենայնդեպս՝ մինչև օրս երկու երկրների նախագահների դեմ առ դեմ հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Իհարկե, Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարեց, որ Սոչիում կկայանա Սարգսյան–Ալիև հանդիպում, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի՝ նման կարևոր հարցերի շուրջ հնչեցրած հայտարարությունները հաճախ իրականություն չեն դառնում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։