«50/50 կանգնած ենք»,- ասում է հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորը

- Էդտեղ վիճակը ո՞նց ա:
– Պատերազմ ա: Էդ բացատրելը անհնար ա… Իրական ու իսկական պատերազմ:
- Զգույշ եղեք, ամենակարևորը ուշադիր: Շա՞տ են կրակում:
– Ան, ասում եմ իսկական պատերազմ ա:
- Զոհեր չկան, չէ՞, ձեր մոտ:
– Մեր պոստում չէ, բայց կողքիններում կան:
- Մի բան եմ ուզում հարցնեմ, բայց չգիտեմ՝ ոնց:
– Հարցրու:
- Սպանե՞լ ես:
– Ավելի լավ ա չպատասխանեմ:
- Կրակելուց ի՞նչ ես զգում:
-Ան, ինչ էլ ասեմ դուք էդ չեք կարա զգաք: Խոսքերով էլ նկարագրելու չի: Առաջին օրերին՝ վախ, իսկ հիմա՝ հանգստություն:
- Իսկ պոստերում որ կանգնում ես, ի՞նչ ես մտածում:
– Խառը, ամեն ինչից մի քիչ-մի քիչ:
- Եղե՞լ ա նենց, որ պոստերում անկախ քեզնից աղոթես:
– Պատահել ա:
- Չես փոշմանո՞ւմ, որ ծառայում ես: Միտք ունե՞ս բանակում մնալու:
– Չէ-հա, չեմ փոշմանում: Ու եթե սենց շարունակվի մինչև զորացրվելս կմնամ, արձակուրդ չեմ գա:
- Պատրա՞ստ ես կյանքիդ գնով պաշտպանես էս հողը:
– 50/50 կանգնած ենք էլի, պատրաստ եմ:
- Չեք վախենո՞ւմ:
– Նոր տղերք կան, իրանք վախենում են: Մեկն էնքան էր վախենում, որ չէր կարողանում կրակեր: Իջեցրին պոստերից:
- Ես գիտեմ՝ դու ինչքան ուժեղ ես: Մյուսներին էլ ուժ տուր: Վախը ամենամեծ զենքն ա, որ թշնամին կարա ունենա ձեր դեմ….. Աստված իմ, էս ինչ ժամանակներ են:
– Իրական ժամանակներ են՝ ստեղ ու հիմա:

Արցունքներս չկարողացա զսպել, ու զրույցը դադարեց: Մենք լռում էինք, բայց գիտեինք, որ երկուսով ներսում աղոթում ենք:

«Հայր մեր որ յերկինս ես …

…Ամէն…»

«Ես հայ եմ» ֆեյսբուքյան էջից