Իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին գտնում ենք, որ հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն և տրամաբանությանը: Այսօր՝ օգոստոսի 7-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը, միջազգային հանրության՝ իրադրության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում իր պաշտոնական հայտարարություններում պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:
Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու նպատակով մեր զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ստիպված են լինում խստորեն պատժելու խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով, ինչպես ես ասացի, հակառակորդը կրում է զգալի մարդկային կորուստներ: Գտնում եմ, որ այդ մարդկային կորուստները և թափված արյունն ընկնում է Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա: Այս իրավիճակում, կարծում եմ, որ իրենք իրենց իսկ ստի զոհը դարձան, որովհետև տարիներ ի վեր իրենց ժողովրդին քարոզում էին, որ հզոր բանակ ենք, անընդհատ համալրում ենք սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, անպարտելի ենք, բայց գտնում եմ, որ, այսպես պետք է ասեմ, թուրքը մնում է թուրք և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել:
Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժն ստիպված կլինի իրականացնելու համարժեք գործողություններ, էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության՝ ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:
Ես գտնում եմ, որ, պարոն վարչապետ, իրենք այս իրավիճակում չեն հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը և դրանից հետո, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը: Այս պահին ես պարզապես նաև ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել և´ կառավարության բոլոր անդամներին, և´ հասարակությանը: Անհրաժեշտության դեպքում աջակցությունը զինված ուժերին, մեր զինվորին, հատկապես զոհված և վիրավոր ազատամարտիկների և զինծառայողների ծնողներին, հարազատներին, այցելությունները պետք է մեր հանրության կողմից շարունակվեն, և նրանք մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն: