«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ստեփանավանում «Արիչոկ» մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար 7 ամիս կալանավորված և ավելի ուշ ազատ արձակված 25-ամյա Արեն Հարությունյանի մորը՝ Սուսաննային նախօրեին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց, որ ազատ արձակելուց որոշ ժամանակ անց Արենին կրկին հրավիրել են ոստիկանություն, այս անգամ՝ բնակարանային գողության հետ կապված: Ոստիկանությունում Արենին ծեծի են ենթարկել, սակայն նրանից ցուցմունքներ կորզել չի հաջողվել: Այս դեպքից հետո հուլիսի 4-ին Արենն անհետացել է ու մինչ օրս հարազատները չեն կարողանում գտնել նրան: ՀՔԾ-ում ծնողները պնդել են, որ որդու անհետացումը կապված է նրա նկատմամբ ոստիկանների բռնությունների, ծեծի հետ: «Տղաս իր ընկերների շրջանում ասել է, թե ինքը գրող տղա չի և ոստիկանների դեմ չի գրի: Բայց ինձ ՀՔԾ-ում ասացին, որ այդ խոսքերն իրենց համար հիմք չեն, իրենք պետք է անձամբ լսեն իմ տղային, բայց նա անհետացած է: Մեզ տեղեկություններ են հասել, թե տղայիս վերջին անգամ տեսել են ինչ-որ սաունայում: Չգիտենք, թե ինչ կլինի այս ամենի վերջը, արդեն անցել է մեկ ամիս, իսկ որդիս չկա ու չկա»,֊ ասաց տիկին Սուսաննան»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: