Ստի ու Խեղկատակության ադրբեջանական շոուն կամ ադրբեջանական բանակի գեներալ, ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերով մարդասպան-հանցագործ է

Օգօստոսի 7-ին Ադրբեջանական կայքերը տարածեցին օրվա լուրը՝ Արբեջանական գյուղում գերեվարվել է տեղի բնակիչներից մեկից թեյ ու ծխախոտ խնդրող մի հայ տղամարդ, որը, իր ասելով մերձական Չինարի գյուղից էր: Կարճ ժամանակ անց լուրը խմբագրվեց. պարզվեց, որ Չինարի գյուղի բնակիչ 31 ամյա Կարեն Պետրոսյանը ոչ ավել ոչ պակաս հայկական բանակի դիվերսանտ է: Ըստ նախնական տվյալների՝ Կարենին «վնասազերծել» էր գյուղի բնակիչներից մեկը, որի պատմելով, Կարենն իր մորից թեյ էր խնդրել... սակայն րոպեներ անց գործին խառնվեց Ադրբեջանական բանակը, որը երկրորդ անգամ «վնասազերծեց» Կարեն Պետրոսյանին, ընդ որում՝ Կարենին կցվեցին ևս 3 հայ զինվորական դիվերսանտներ:

Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, «կանխելով դիվերսիան» , գերի վերցրին Կարեն Պետրոսյանին, իսկ մյուս 3 հայ դիվերսանտները պարզապես համբարձվեցին դեպքի վայրից: Ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանին, դեպքից ժամեր առաջ համագյուղացիները տեսել էին նրան, վերջինս ասել է, որ գնում է անտառ փայտ բերելու: Նրանք համոզված են, որ Կարեն Պետրոսյանը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանական տարածքում: Տղան սիրում էր խմել և խնդիրներ ուներ կապված հիշողության հետ: Տեղեկությունը տարածվեց հայկական բազմաթիվ լրատվամիջոցներով, բայց Ադրբեջանը Ադրբեջան չէր լինի, եթե մոլորված հայ գյուղացուն գերեվարվելու փաստը շոու չսարքեր: Այսպես, ստի ու խեղկատակության ադրբեջանական շոուն սկսված է: Նախ կայքերում հայտնվեց, իբր Կարեն Պետրոսյանի մոտ հայտնաբերված մի ամբողջ արսենալ և ՀՀ դրոշը: Նրանք, ովքեր արդեն տեսել էին Կարեն Պետրոսյանի լուսանկարները, խորապես հիասթափված էին, իսկ մյուսները ուզում էին պահ առաջ տեսնել հայ դյուցազունին, որը, ելնելով զինատեսակների քանակից, մտքին դրել էր հասնել Բաքու և հայկական դրոշը ծածանել առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի վրա: Ես վերջին խմբի մեջ էի ու, անկեղծ ասած, թևաթափ եղա, տեսնելով Կարեն Պետրոսյանի լուսանկարները: Սպոտային համազգեստով, շփոթված, վախեցած աչքերով փոքրամարին տղամարդը ոչ մի կերպ չէր նույնանում իմ նախնական պատկերացումների հետ: Իհարկե, հետագայում ադրբեջանցիները Կարեն Պետրոսյանին զրահաբաճկոն հագցրին, բայց, միևնույնն է, դրանից պատկերը չփոխվեց, չկարողացավ դույզն-ինչ փոխել նրա խղճուկ տեսքը և գոնե հեռավոր նմանություն հորինել դիվերսանիտի կերպարին:

Հաքքին.ազ-ի տարածած տեսանյութը շրջանցեց զավեշտի ու ցինիկության բոլոր սահմանները: Դեմքերը քողարկած հատուկ ջոկատայինները բարձրաստիճան սպաների ուղեկցւթյամբ Կարեն Պետրոսյանին իջեցրին մեքենայից... Կարենի ձեռքերինին ձեռնաշղթա կար, բայց ահարկու դիվերսանտից վախն այնքան մեծ էր, որ երկու հատուկ ջոկատայիններն ամուր բռնել էին նրա թևերից, և, չգիտես ինչու, ծնոտից (ի դեպ, տղայի ծնոտը բաց չէին թողնում անգամ այն ժամանակ, երբ նա խոսում էր): Կարենին բառացիորեն քարշ տալով բերեցին և չոքեցրին ադրբեջանական բանակի գեներալ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովի առաջ: Չեմ կարող չհիշել ֆեյսբուքյան հայ և արտասահմանցի բազմաթիվ օգտատերերի խոսքը՝ մարդ որքան պիտի ստոր ու թերարժեք լինի, որ հպարտանա՝ ձեռնաշղթաներով գերուն իր առջև ծնկած տեսնելով:

Ինչևէ, ներկայացումը լիովին ձախողվեց, դիվերսանտը հենց սկզբում խնդրեց իրեն ուղարկել Հայաստան՝ տուն: Նա շեշտեց՝ տուն, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու ինքը տանը չէ: Հայերեն խնդրեց, որովհետև ռուսերեն ոչ խոսում էր, ոչ էլ հասկանում: Այն հարցին, թե որտեղ են մյուս դիվերսանտ ընկերները, Կարենը պատասխանեց՝ տանը: Չէ, նա չէր ուզում հակադրվել, նա վախեցած էր ու կասեր ամեն ինչ, որ ադրբեջանցիների սրտով լիներ, պարզապես մտավոր կարողություններն էին թույլ, ու չէր յուրացրել ազերի զինվորոկանների դասերը: Բոլոր հարցերի համար Կարենը մի պատասխան ուներ՝ դա: Այն հարցին, թե ցուցադրվող լուսանկարները իր հեռախոսի՞ց են վերցվել, Կարենը նորից պատասխանեց՝ դա: Կապ չունի, որ հեռախոսը Նոյի թվի էր և չէր կարող նման որակով լուսանկարել: Պարզվում է, Կարենը դիվերսիայի գնալուց առաջ մանրամասն նկարել էր Հոկտեմբերյանի Մարշալ Բաղրամյանի անվան ռազմաուսումնական կենտրոնում իրականացվող վարժանքները, դիվերսիայի նախապատրաստական աշխատանքները և լուսանկարները վերցրել էր հետը, նույնիսկ զինվորական մեքենաների պետհամարանիշներն էր նկարել: Բա ոնց, թե չէ բռնվելուց հետո ո՞նց էր ապացուցելու, որ դիվերսանտ է և Հոկտեմբերյանում է վարժվել: Այ եթե հեռախոսի մի անկյունում էլ նշեր ռազմաուսումնական կենտրոնի ամբողջական անվանումը, հո կկարողանար արտաբերել: Որքան էլ ադրբեջանցի զինվորոկանները ջանացել էին, մեր Կարենը կարողացավ միայն երկու բառ հիշել՝ ուչեբնի ցենտր, ու երբ կողքից հուշեցին՝ Մարշալ Բաղրամյան, Մարշալն ասաց ու դասը չիմացող աշակերտի պես աչքերը ճպճպացնելով նայեց շուրջը:

Մի փոքրիկ դրվագ, որը կարող է վրիպած լինել ոմանց աչքից: Այս խեղկատակությունը նկարահանող ազերի օպերատորը հատուկ արձանագրում էր դեմքը քողարկած զինվորականներից մեկի բռունցքի նյարդային շարժումները. նա ակնհայտորեն չէր համբերում... Մի քանի ժամ հետո նույն հաքքին.ազ-ը գրեց, որ Կարեն Պետրոսյանը մահացել է սրտի անբավարարվածությունից...
Այսօր ադրբեջանցիները տարածեցին մի տեսանյութ, որտեղ Կարեն Պետրոսյանը հյուրընկալվել է ադրբեջանցի գյուղացու տանը, սեղանի շուրջ նստած հանգիստ խոսում է նրանց հետ: Տանտերը պատմում էր, որ մոլորված տղան ընդամենը թեյ է խնդրել, այնուհետև հայտնվում են ադրբեջանական բանակի զինվորականները և փորձում ձերբակալել Կարեն Պետրոսյանին, տեսանյութում պարզ երևում է, որ գյուղացիները խոչընդոտում են և փորձում են թույլ չտալ, որպեսզի զինվորականները տանեն Կարեն Պետրոսյանին:

Անկեղծ ասած, Կարեն Պետրոսյաին սպանությունը ինձ չզարմացրեց, այս խեղկատակությունը պետք էր ինչ- որ կերպ կոծկել, բայց անգամ Կարենի մահը չի կարող փրկել Ադրբեջանին աննախադեպ խայտառակությունից: Ադրբեջանի գեներալը խախտել է մարդու իրավունքների տարրական նորմերը, և նրա դեմ միջազգային մակարդակի դատավարություն սկսելու համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Միայն հաքքին.ազ-ում հրապարակված հոդվածի վերնագիրն արդեն հանցանք է պարունակում՝« հայ դիվերսանտը ծնկած է Ռովշան Աքպերովի առաջ», ու հանցանքից ավելի մեծ բարոյական խարան Ադրբեջանի հազար անգամ խարանված ճակատին:
Հ.գ. վերջում մի քանի տող տխրահռչակ Ռովշան Աքպերովի կենսագրությունից: Իր իսկ վկայությամբ՝ Շուշիի մարտը նա «բաց է թողել», որովհետեւ … քնած է եղել հրամանատարական «ՈւԱԶ»-ում: Միայն այս փաստը թերեւս բավական է ադրբեջանցի գեներալին բնութագրելու համար: Սակայն Աքպերովի կենսագրության մեջ կան հետաքրքրական այլ էջեր եւս:
Աքպերովի հաջող ռազմական կարիերան եւ ծառայողական երկարակեցությունը բացատրվում է ոչ թե նրա մասնագիտական ունակություններով, այլ Ալիեւների ընտանիքին մատուցած արժեքավոր ծառայությամբ: 1995 թ. մարտին հենց Աքպիրովի հրամանատարությամբ գործող 777-րդ գումարտակն է մասնակցել ահաբեկիչ Ռովշան Ջավադովի ղեկավարած ոստիկանության հատուկ ջոկատի՝ տխրահռչակ ՕՄՕՆ-ի ապստամբության ճնշմանը: Այդ անձնական ծառայության համար Ռ. Աքպերովին ներվել է անգամ ծանր քրեական հանցագործությունը՝ սպանությունը: Արդեն գեներալ եւ ազգային հերոս դարձած Աքպերովը Կիեւի ռազմական ակադեմիայում ուսանելու տարիներին ռեստորանային հարբած վեճի ժամանակ դաշունահարել եւ սպանել է ադրբեջանցի բիզնեսմեն Էլչին Ալիեւին: Ուկրաինական արդարադատության պատժից խուսափել օգնել է նախագահ Հեյդար Ալիեւի միջնորդությունը :


Գայանե Պողոսյան