Դրվագ առաջին

1042թ. Վասպուրականի Թոռնավան (Թոռնևան) գավառ է ներխուժում սելջուկյան 15 հազարանոց բանակը, որի վրա անսպասելի գրոհում է ծերունի Խաչիկ Արծրունու 70 (!) հոգանոց թիկնազորը: Հակառակորդը քանակով գերազանցում էր թոռնավանցիներին ավելի քան 200 անգամ և շատ արագ ուշքի է գալիս ու կասեցնում հերոս հայորդիների հարձակումը:
Արծրունյաց քաջերը գիտակցում էին մարտում հաղթանակի հասնելու անհնարինությունը, բայց ոչ մեկը չի նահանջում:
Անհավանական հերոսության ականատես եղած թյուրք թալանչիները հրաժարվում են շարունակել արշավանքն ու հեռանում են դեպի Ուրմիո (Կապուտան) լճի ավազան:
Սա ես միշտ համեմատում եմ Օսովեցը պաշտպանող ռուսական զինվորների, այսպես կոչված, մեռյալների գրոհի հետ:

Խաչիկ Արծրունու թիկնազորի ինքնազոհությունից և թուրքերի հեռանալուց մի քանի օր հետո Արծրունիների զորագնդով (4-5 հազար հոգի) Թոռնավան է վերադառնում Խաչիկի որդի Հասան Արծրունին, որը ծառայության էր անցել բյուզանդական բանակում:
Հոր մահվան վրեժը լուծելու համար Հասանը մի քուրդ ռայիսի է վարձում, որ սա գնա թյուրքերի մոտ և հայտնի, թե Թոռնավանում զորք չկա ու սրանց համոզի վերադառնալ ու ավարտել թալանը:
Հրոսակները հավատում են սրան և վերադառնալով՝ ընկնում Հասան Արծրունու պատրաստած թակարդը:
Քարտեզի վրա նկարագրված երկրորդ փուլի սլաքները թալանչիների վերադարձի և պարտության սլաքներն են:

Դրվագ երկրորդ

1050-52թթ. օղուզ-թյուրքական ցեղերը խռովություններ են սկսում սելջուկյան իշխանապետ Տուղրիլ բեկի դեմ: 1053թ., խռովության անհաջողությունից հետո, խռովարարները (մոտ 60 հազար հոգի) Գթլմուշ բեկի գլխավորությամբ Իրանից Կուրի ավազանով փախչում են Վիրք: Հետապնդելով Վիրք է ժամանում նաև Տուղրիլը և Գթլմուշին ստիպում նահանջել դեպի Հայաստան:
Շիրակով և Վանանդով խռովարարները անցնում են հարավ ու ճանապարհին որոշում գիշերել Սուրբ Մարի կամ Սուրմարի (հետո աղավաղելով թուրքերը կոչեցին Սուրմալու) քաղաքում:
Ցույց տալով, թե վախեցած են անկոչ հյուրերի մեծաթիվությունից՝ սուրմարեցիները առատ հյուրասիրություն են կազմակերպում, բթացնում Գթլմուշի հրոսակների աչալրջությունը և, նրանց քնեցնելով, գիշերը, գավառի մյուս զորագնդերի հետ միասին, քաղաքապետ իշխանի հրամանով ոչնչացնում են գրեթե բոլոր «հյուրերին»:

«Հյուրասիրությունն» ավարտվում է լուսադեմին: Փրկվում է միայն Գթլմուշի շուրջը համախմբված մի քանի տասնյակ մարտիկների ոչ մեծ խումբը, որը փախչում է քաղաքից:

Հետաքրքիր է, որ սուրմարեցիները սկսում են հետապնդել փախչողներին մինչև Հայաստանից նրանց վտարելը:
Շատ եմ փորփրել, բայց չեմ կարողացել գտնել առանց ճակատամարտի 60 հազարանոց զորքը ոչնչացրած Սուրբ Մարիի քաղաքապետ իշխանի անունը: Ամեն դեպքում, փառք նրան ու նրա ղեկավարությամբ մեր պատմության այս փառավոր էջը գրած մյուս հերոսներին:

 

Ռազմական պատմաբան Սուրեն Մարտիկյան