«Թուրքիայի նախագահական ընտրություններում արտահայտվեց թուրք ժողովրդի կամքը»,- հայտարարել է Էրդողանն ու շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդը երեկ, ըստ նախնական հաշվարկների, նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրության ավարտից հետո ելույթ է ունեցել կուսակցության պատշգամբից:
«Թուրք, քուրդ, հայ, հույն լինելուց առաջ Թուրքիայում թուրքիացիներ կան: Մուսուլման, քրիստոնյա, եզդի լինելուց առաջ նրանք թուրքիացիներ են: Ալևի կամ սուննի լինելուց առաջ թուրքիացիներ են»,- ասել է նա:
Ի դեպ, այս անգամ, ի տարբերություն նախորդ հակահայկական ելույթի, նա հայ և հույն ժողովուրդներին հիշատակելիս ներողություն չի խնդրել:
Ըստ նախնական տվյալների՝ Էրդողանը ստացել է ձայների 56.56%-ը: Ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ստացել է 37.48, իսկ քուրդ Սալահադդին Դեմիրթաշը՝ 8.96%:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե ինքը Թուրքիայում բնակվող 77 մլն թուրքիացու նախագահն է:
Ի դեպ, թուրք լրագրողների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Էրդողանը նախագահ դառնալուց հետո իր առաջին ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի անունը:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վիրավորական հայտարարություն է արել հայերի հասցեին՝ թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում, որը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:
Իսկ Ստամբուլահայ հայտնի լրագրողներից Հայկո Բաղդատը պահանջել է Էրդողանից ներողություն խնդրել նման խոսքերի համար: