Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքը նա է, որ կողմերը հայտարարեցին, որ ռազմական ուժով խնդիրը լուծելի չէ. ահա այսպիսի գնահատական է տվել Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Վերջինս գտնում է, որ այսօր ամբողջ աշխարհում անհանգիստ և բարդ իրավիճակ է, իսկ ծայրահեղական երկրները փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել նման իրավիճակում, ինչպես օրինակ Ադրբեջանը:
«Երբ աշխարհաքաղաքական գլխավոր դերակատարները զբաղված են այլ խնդիրներով, նա փորձում է այլ դիվիդենտներ շահել: Եվ այս իրավիճակում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց Գագիկ Հարությունյանը` ավելացնելով, որ բոլոր պարագաներում հանդիպումը շատ անհրաժեշտ և տեղին էր, որից կարելի է հասկանալ հետևյալ տրամաբանությունը. ամեն անգամ հանդիպումներից առաջ տեղի է ունենում ուժի որոշակի էսկալացիա, այս անգամ կոտրվեց այդ էսկալացիան:
Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահի առաջարկած փոխզիջումների տարբերակին, ապա նա նշեց, որ այդ տարբերակը մշտապես ենթադրվում է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են կողմերը հասկանում փոխզիջումների տակ: Ըստ նրա՝ դա ենթադրում է նաև սահմանին որոշակի խաղաղարար ուժերի տեղակայում:
«Ռուսաստանին Հայաստանը երբեմն չի վճարում այն գումարը, ինչ Ադրբեջանն է վճարում սպառազինության համար: Բայց միշտ դրան զուգահեռ մենք ստանում ենք այն հակազդեցության միջոցները, որոնք անհրաժեշտ են: Ինձ ավելի անհանգստացնում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանից գնել զենք»,- ասաց Գագիկ Հարությունյանը` անդրադարձ կատարելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու հանգամանքին, այնուհետև հիշեցրեց, որ Ռուսաստանը մեծ տերություն է, ունի իր շահերը, և Հայաստանը դա պետք է հաշվի առնի: Իսկ վերջին օրերի լարվածության մասին ավելացրեց. «Օրինակ՝ Գյումրիի ռուսական զորակայանում ինտենսիվ գործողություններ են գնում այս ընթացքում: ՀԱՊԿ-ի պայմանագիրը գործում է և ցանկացած վտանգ Հայաստանին ուղղված ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում կլինի»: