ՀՀ կառավարության առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Յունիփուլ» ՍՊ ընկերության տնօրեն Վ.Հովհաննիսյանը լեհական «Կերակոլ սուպերիոր բիլդինգ տեխնոլոջի» ընկերությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել սալիկապատման սոսինձներ, միջսալիկային ճեղքերի լցոնանյութեր եւ լատեքսային հիմքով սոսնձանյութեր` 13 766,90 եվրո մաքսային ընդհանուր արժեքով: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ընկերության տնօրենը մաքսանենգությամբ, այն է` լեհական նշված ընկերության կողմից ապրանքի նույն խմբաքանակի համար 01.04.2011թ. տրված հաշիվ-ապրանքագիրը խաբեությամբ օգտագործելու միջոցով, 2011թ. մայիսի 19-ին ապրանքի նույն խմբաքանակը հայտարարագրել է 5 655,35 եվրո կամ 7.359.234 ՀՀ դրամ մաքսային արժեքով, այդ թվում նաեւ` հայտարարագրված տրանսպորտային ծախսը մինչեւ ՀՀ սահման, որը կազմել է 898.696 ՀՀ դրամ:

Արդյունքում` հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 3 921 825 ՀՀ դրամ` իրականում 8 257 930 ՀՀ դրամի փոխարեն: Պակաս հայտարարագրված մաքսային արժեքը կազմել է 4 336 105 ՀՀ դրամ, որից լրացուցիչ գանձման է ենթակա 1 342 024 ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ` ԱԱՀ եւ տույժ:

Ձեռք բերված ապացույցների հիման Վ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: