«Հրապարակ» թերթը գրում է.
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության կուլմինացիան կարծես Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումն էր: Օգոստոսի 10-ին կայացած հանդիպման համառոտ նկարագրությանն ու կցկտուր տեղեկություններին հաջորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզին»: Թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին ինչպես նպաստեց Սոչիի հանդիպումը և ինչպես կանդրադառնա այս օրերին սահմանին առկա իրավիճակի վրա, դեռևս պարզ չէ: Ամեն դեպքում, այդքան սպասված հանդիպումից հետո չեղավ որևէ կոնկրետ հայտարարություն: Քաղաքագետների ու քաղաքական գործիչների մի ստվար զանգված երեկ ընդհատակ էր անցել, չի բացառվում, որ խուսափում են մեկնաբանել, քանի որ ամեն ինչ դեռ մշուշոտ է: Իշխանական թևը, հակառակը՝ էյֆորիայի մեջ է. վայելում են Սարգսյանի «համարձակ» ելույթը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արձագանքելով մեր զանգին, կարճ պատասխանեց. «Ես ավելի եմ կարևորում շփման գծում կատարված իրադարձությունները, քան թե Սոչիում: Քանի որ Սոչիում ոչ մի արդյունք, ըստ էության, չի հայտարարված կամ հրապարակված: Իսկ այն, ինչ որ կատարվել է շփման գծում, դրա մասին արդեն խոսել ու հայտարարություն ենք տարածել»: Ինչ վերաբերում է սահմանի լարվածության վրա Սոչիի հանդիպման ազդեցությանը, հիշեցրեց. «Լարվածության թուլացման առումով Ադրբեջանի հարձակմանը ՀՀ-ի վերջապես կատարած պատասխանն էր, ինչի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային կոչ արեց»: Հարցին, թե ոչ իշխանական քառյակը պատրաստվո՞ւմ է այս եռակողմ հանդիպման վերաբերյալ որևէ հայտարարություն տարածել, պատասխանեց. «Բայց ի՞նչ է եղել, որ հայտարարություն անենք, որևէ արդյունք կամ պայմանավորվածություն կա՞ր: Ես նորից եմ ասում՝ ուշադիր հետևել ենք և որևէ հայտարարված արդյունք կամ պայմանավորվածություն չկա, որը կարողանայինք մեկնաբանեինք: Երբ որ լինի, կմեկնաբանենք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: