Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամացն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կգործի բակային 19 ճամբար հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Ըստ այդմ, 125 տարածքներում կազմակերպված միջոցառումների թիվը կհասնի 132-ի. դրանք հագեցած են մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներով, մասնավորապես, մանկական հանդես-ծրագրեր, կավճանկարչության, երգի, պարի, ասմունքի և այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ազգային մշակույթի ուսուցողական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, հայոց բանակին, պետական խորհրդանիշներին նվիրված դասընթացներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, կենդանաբանական այգի, հանրօգուտ աշխատանք (բակի մաքրում, ծառերի և ծաղիկների խնամում, տաղավարների պատրաստում) և այլն։
Բակային ճամբարների և միջոցառումների ծրագրում ընդգրկվել են նաև հանդիպումներ անվանի մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև միջոցառումները կազմակերպելու համար տեղական մշակութային խմբերից բացի հրավիրվել են արհեստավարժ խմբեր։ Բակային միջոցառումներին անմասն չեն մնում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները։ Տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև «Զատիկ» խնամքի հաստատության երեխաների համար։ Միջոցառումների ընթացքում կազմակերպիչները երեխաներին հանձնում են նաև նվերներ։ Նախնական հաշվարկներով՝ միջոցառումներին կմասնակցի երևանաբնակ և մարզերից եկած շուրջ 17.000 երեխա։